Discovering the Future
«1991 ստորաբաժանում» կրթական և գիտահետազոտական ծրագիր
FAST-ից ճյուղավորված ծրագիր:
Ընդհանուր Տեղեկատվություն
«1991 ստորաբաժանում»

«1991 ստորաբաժանում» կրթական և գիտահետազոտական ծրագիրը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) և ՀՀ Պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) համագործակցության արդյունքում ձևավորված և իրականացվող ծրագիր է, որը նպատակ ունի ՀՀ Զինված ուժերում ներդնել՝ գիտության և տեխնոլոգիաների նորագույն ուղղությունները։

Ծրագիրը ստեղծվել է Հայաստանի ռազմական ոլորտի խթանմանն ուղղված մտավոր ներուժի մոնիթորինգի և կարողությունների զարգացման հարթակ ձևավորելու համար: ՀՀ Զինված ուժերի տեխնոլոգիական գերակայությունը ապահովվում է գիտահետազոտական նախագծերի իրականացմամբ և դրանց արդյունքները ՀՀ ՊՆ ամենօրյա գործառույթներում ինտեգրելով:

Ծրագրի սկիզբը դրվել է 2018 թվականի սեպտեմբերին FAST հիմնադրամի և ՀՀ ՊՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրով:
Հուշագրի ստորագրմանը անմիջապես հաջորդեց «Արհեստական բանականություն և տվյալագիտություն» նախապատրաստական դասընթացի կազմակերպչական աշխատանքները, որի շրջանակներում 2020 թվականի փետրվարին ձևավորվեց առաջին խումբը։ Դասընթացի մասնակիցները ուսումը հաջողությամբ ավարտելուց հետո հնարավորություն ունեն իրենց գիտելիքները կիրառել ՀՀ զինված ուժերում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում միանալով «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբին: «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբի առաջին ընդունելությունը կազմակերպվել է 2020 թվականի օգոստոսին։

Մինչ այժմ կազմակերպված և հաջողությամբ իրականացված վեց նախապատրաստական դասընթացներին դիմած ավելի քան 2300 դիմորդներից ընտրվել են 530 մասնակցիցներ, որոնք ստացել են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև աշխատել են 23 բազմաբնույթ նախագծերի վրա: Բացի այդ, ծրագրի բնականոն գործունեությունը ապահովելու համար FAST հիմնադրամի ջանքերով և Gateway Industry Inc կազմակերպության ֆինանսական աջակցությամբ հիմնադրվելեն Սիս և Մասիս Արհեստական Բանականության լաբորատորիաները, որոնք ծառայում են ինչպես նախապատրաստական դասընթացներին, այնպես էլ «1991 ստորաբաժանում»-ում իրականացվող գիտահետազոտական նախագծերին։

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթաց

2019թ.-ից դասընթացներն իրականացվում են պարբերաբար՝ յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ Դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։Անվճար դասընթացն անցկացվում է 6 ամիս տևողությամբ։ Այս ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներմաթեմատիկայի, ծրագրավորման,տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում են խմբային ավարտական նախագծեր, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել ՀՀ Զինված Ուժերի կազմում ստեղծված «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը։ Քննությունները իրականացվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։

«Ծրագրի ընթացքում առաջարկվող դասընթացները բավական ընդգրկուն են: Դասընթացավարները հմուտ են, և մաթեմատիկայի դասավանդումը կատարվում է շատ խորը մակարդակով, որից հետո սկսում ենք կիրառել ստացած գիտելիքները, և, ի վերջո, հասկանում դրանց գործնականությունը և իրական նպատակը: Մենք մաթեմատիկա ենք սովորում դպրոցում և համալսարանում, բայց նման բարձր մակարդակի կրթություն գտնելը շատ հազվադեպ է: Սովորաբար մենք հնարավորություն չենք ստանում իսկապես մարսել տեսական գիտելիքները, և հետո չգիտենք այն կիրառել, բայց FAST-ի շնորհիվ կարողանում ենք հաղթահարել մարտահրավերներն ու վերջապես հմտանում գործնական աշխատանքում: Առանց խորը գիտելիքների անհնար է շարունակել համակարգչային գիտության ևարհեստական բանականության ուսուցումն և ապագայում ինքնուրույն որևէ նորարարությամբ հանդես գալը»:

Դավիթ Թումանյան,
3-րդ խմբի շրջանավարտ

«1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական բաղադրիչների կողմնակի, բայց ոչ պակաս կարևոր արդյունքներից է նաև այն, որ այն մասնակիցները, ովքեր դասընթացի ավարտին չեն զորակոչվում ՀՀ Զինված Ուժեր, ստացած նոր մասնագիտական գիտելիքների շնորհիվ շարունակում են իրենց ուղղակի և անուղղակի դրական ազդեցությունը ունենալ ի նպաստ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և տնտեսության։

Ծրագիրն այսօր

FAST հիմնադրամը` ամփոփելով ու բարձր գնահատելով վերջին 5 տարիների ՊՆ-ի հետ կատարված աշխատանքը և ձեռք բերված արդյունքները, գտնում է, որ մշակված և իրականացված «1991 ստորաբաժանում» ծրագիրը հասունացել է այնքան, որ կարող է հաջողությամբ շարունակել իր ամբողջական և անխափան գործունեությունը ՀՀ ՊՆ-ի կազմում։

2023 թվականի փետրվար ամսից սկսած «1991 ստորաբաժանում» ծրագիրը իր գործունեությունը շարունակում է ՀՀ ՊՆ-ի կազմում:

FAST հիմնադրամը վստահ է, որ «1991 ստորաբաժանում» ծրագիրը շարունակելու է իր ներդրումն ունենալ ՀՀ Զինված ուժերի տեխնոլոգիական վերազինման գործում՝ առանցքային դեր հատկացնելով գիտության և տեխնոլոգիաների առաջատար ուղղությունների ներդրմանը ՀՀ Զինված ուժերում։

2380
հայտադիմում
1580
ժամ դասընթացների իրականացում
533
զորակոչիկի վերապատրաստում
Առցանց դասընթացներ