FAST հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:
FAST հիմնադրամի «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացը պարբերական է․ մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ Դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ Անվճար դասընթացն անցկացվում է 6 և 12 ամիս տևողությամբ։ 6-ամսյա դասընթացը նախատեսված է դասընթացի մեկնարկին անմիջապես հաջորդող զորակոչին զորակոչի ենթակա տղաների, իսկ 12-ամսյա դասընթացը՝ հետագա զորակոչերին զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը, որը կազմակերպելու է ՀՀ ՊՆ-ն։ Իրականացվելու են նաև խմբային ավարտական նախագծեր՝ 6-ամսյա դասընթացի դեպքում վերջին 3-4 շաբաթների, իսկ 12-ամսյա դասընթացի դեպքում՝ վերջին 3 ամսվա ընթացքում։
FAST հիմնադրամը կազմակերպում է նաև դասընթացներ «1991 ստորաբաժանում» ընդունված զինծառայողների համար նրանց հանձնարարված հետազոտության և մշակման (R&D) նախագծերի կարիքներին համապատասխան։
- Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն
- Մաթեմատիկական անալիզ
- Հավանականությունների տեսություն
- Ծրագրավորման հիմունքներ
- Մեքենայական ուսուցման հիմունքներ
- Նեյրոնային ցանցերի հիմունքներ
- Ավարտական նախագծեր
Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա բոլոր տղաները։
Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (STEM) ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։
Ընդունելությունը կկազմակերպվի հետևյալ փուլերով՝
- Հայտերի ընդունում - մինչև 2020 թ-ի դեկտեմբերի 15
- Թեստավորում - 2020 թ-ի դեկտեմբերի 20 - 25
- Հարցազրույց - 2021 թ-ի հունվար
Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Զորացրվելուց հետո նրանք հնարավորություն կունենան՝
- աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում
- աշխատել բարձր տեխնոլոգիական ընկերություններում
- ներգրավվել հետազոտական լաբորատորիաներում
- ձևավորել սեփական ստարտափը