Discovering the Future
«ԱԲ սերունդ»
Ստեղծելով արհեստական բանականության ոլորտում հետազոտողի և նորարարի կրթական ուղին՝ դպրոցից մինչև բուհ:
Լրացրո՛ւ նախնական հետաքրքրության հայտը 2025-2026 ընդունելության համար
դիմել
PARTNERS
Ընդհանուր Տեղեկատվություն
«ԱԲ սերունդ» կրթական ծրագիր

Սկսի՛ր արհեստական բանականության ոլորտում նորարարի քո ուղին

«ԱԲ սերունդ»-ը բազմաշերտ ու համապարփակ կրթական ծրագիր է, որը մշակել և իրականացնում է FAST-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ոլորտային կառույցների հետ համագործակցությամբ։

Ծրագրի նպատակն է ստեղծել արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում հետազոտողի և նորարարի ողջ կրթական ուղին դպրոցից մինչև դոկտորական  մակարդակ։


Ընդունելություն 2025-2026

«ԱԲ սերունդ» ծրագրի դպրոցական բաղադրիչը նախատեսված է ավագ դպրոցականների համար և 2025-2026 նոր ուսումնական տարում հասանելի է լինելու ՀՀ բոլոր մարզերում՝ ընդլայնված թվով ավագ դպրոցներում։ Ցանկը՝ շուտով։

Մինչ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և FAST-ը համատեղ հստակեցնում են ԱԲ հոսք ունեցող դպրոցները, կարող եք լրացնել նախնական հետաքրքրության հայտը ծրագրի ընդունելության, ինչպես նաև մարզային տեղեկատվական հանդիպումների մասին թարմացումները բաց չթողնելու համար։ 

**Հայտը կարող են լրացնել 2024-25 ուստարվա դրությամբ 9-րդ դասարանում սովորող աշակերտները։ 


Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞ւ «ԱԲ սերունդ»․ Ի՞նչ առավելություն է տալիս «ԱԲ սերունդ»-ը սովորողին

Ներդրվելով Հայաստանի հանրակրթական համակարգում՝ «ԱԲ սերունդ»-ը հնարավորություն է տալիս ավագ դպրոցի սովորողներին եռամյա ուսումնառության ընթացքում բացահայտելու աշխարհի ամենաարագ զարգացող և հեռանկարային ուղղություններից մեկը՝ արհեստական բանականությունը։ Ծրագիրը թույլ է տալիս անվճար և որպես դպրոցական ծրագրի լիարժեք մաս՝

  • Սովորել Python ծրագրավորման լեզու և ԱԲ-ի հիմունքներ
  • Խորացնել մաթեմատիկայի իմացությունը՝ հետաքրքիր մեթոդաբանությամբ ու կիրառական օրինակներով 
  • Իրականացնել սեփական նախագծերը
  • Զարգացնել հիմնարար փափուկ հմտություններ
  • Անցնել մասնագիտական կողմնորոշման դասընթացներ և մասնակցել արտադասարանական խմբակների
  • Ճանաչողական այցեր կատարել ոլորտային առաջատար կառույցներ և շփվել մասնագետների հետ
  • Կուտակել կրեդիտներ և դրանք փոխճանաչել բուհերում

Որպես արտադպրոցական բաղադրիչ հասանելի են մասնագիտական կողմնորոշման, հմտությունների զարգացման ու անգլերենի բարելավման ծրագրեր։

Ո՞վ կարող է դիմել «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին

«ԱԲ սերունդ»-ը եռամյա կրթական ծրագիր է՝ նախատեսված ավագ դպրոցի սովորողների համար։ Ծրագրի ընդունելությունը սկսվում է 10-րդ դասարանից և բաց է ՀՀ-ից բոլոր աշակերտների համար, որոնք՝

  • Սիրում են մաթեմատիկան, արհեստական բանականությունն ու ծրագրավորումը և հետաքրքրված են խորությամբ ուսումնասիրելու այս առարկաները։
  • Դիմելու են «ԱԲ սերունդ»-ի մասնակից դպրոցներից մեկին (դպրոցների ցանկը հասանելի կլինի ՇՈՒՏՈՎ) և ցանկություն կհայտնեն միանալու ԱԲ հոսքին

Ո՞ր դպրոցներում է հասանելի «ԱԲ սերունդ»-ը

  • 2025-2026 ուստարում ծրագիրը իրականացվելու է ՀՀ բոլոր մարզերի և Երևանի մինչև 24 դպրոցում։ Դպրոցների ցանկը հասանելի կլինի ՇՈՒՏՈՎ։
  • 2026-2027 ուստարում ծրագիրը կընդլայնվի մինչև 45 ավագ դպրոցում՝ ԱԲ-ի ոլորտի բացահայտման նոր հնարավորություններ ստեղծելով դպրոցականների համար։

Ծրագրում ուսումը վճարովի՞ է

«ԱԲ սերունդ»-ը, հանդիսանալով հանրակրթական ծրագրի բաղադրիչ, լիովին անվճար է։ Ծրագիրը ֆինանսավորվում է FAST հիմնադրամի կողմից՝ գործընկերների և բարերարների համայնքի աջակցությամբ։ 

Ովքե՞ր են դասավանդում «ԱԲ սերունդ»-ում

«ԱԲ սերունդ»-ում խորացված հանրահաշվի և Python ծրագրավորման լեզվի դասավանդումն իրականացնում են դպրոցի մաթեմատիկայի և ԹԳՀԳ ուսուցիչները՝ շարունակաբար անցնելով հատուկ մասնագիտական վերապատրաստում։ 

Արհեստական բանականության, մասնավորապես՝ «Մեքենայական ուսուցում» և «Խորը ուսուցում» առարկաների դասավանդումն ապահովում են անմիջապես ոլորտից ներգրավված և վերապատրաստված մասնագետները՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով դպրոցի ուսուցչի հետ։

Արդյոք  «ԱԲ սերունդ»-ը  միջազգային որևէ ծրագրի կրկնօրինա՞կ է

Ոչ, «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը մշակվել է FAST-ի կողմից և իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ծրագրի բովանդակությունը մշակում են ՀՀ-ից և սփյուռքից ներգրավված մաթեմատիկայի և ԱԲ-ի ոլորտի փորձագետները՝ հիմնվելով միջազգային փորձի և Հայաստանի կրթական առանձնահատկությունների վրա։ 

Ինչպե՞ս կարելի է տեղեկանալ ընդունելության թարմացումներին ու ստանալ ծրագրի շուրջ հարցերի պատասխաններ:

Կայքում տեղ գտած տեղեկություններից բացի՝ 2025-26 ուստարվա դիմորդների համար ստեղծվել է տելեգրամյան ալիք, որտեղ կարող եք նախապես իմանալ  ծրագրի,  ընդունելության ու սպասվող մարզային տեղեկատվական հանդիպումների մասին:

Դպրոցների ընտրության փուլից հետո՝ ապրիլ-մայիս ամիսներին, ծրագրի թիմը մարզային տեղեկատվական հանդիպումներ ու այցեր կունենա՝ հյուրընկալվելով ծրագրի դպրոցներում։ Ժամանակացույցը շուտով կհրապարակվի ծրագրի բոլոր սոցիալական հարթակներում։  

Ավելի ուշ տեղի կունենան նաև առցանց տեղեկատվական վեբինարներ։ Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելով՝ աշակերտները ծրագրի մանրամասներին ծանոթանալուց զատ կհասկանան նաև անձնական հետաքրքրությունների ու ծրագրի համապատասխանելիությունը, ինչպես նաև պատկերացում կկազմեն ոլորտում աճող մասնագիտական հնարավորությունների մասին:

Ինչպե՞ս միանալ ծրագրին

Ծրագրում սովորելու համար անհրաժեշտ է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝

  • Ունենալ հիմնական կրթության ավարտական վկայական
  • Դիմել ծրագիրը փորձարկող ավագ դպրոցներից մեկը  (դպրոցների ցանկը հասանելի կլինի ՇՈՒՏՈՎ) ուսումը շարունակելու համար ու ցանկություն հայտնել՝ միանալու ԱԲ հոսքին
  • Հաղթահարել նախորդ դասարաններում յուրացրածը գնահատող գիտելիքային ստուգման փուլը

Ի՞նչ է նախատեսում ծրագրում ներգրավվելու համար սահմանված գիտելիքի ստուգումը

«ԱԲ սերունդ» ծրագրին միանալիս ստուգվում են նախորդ դասարաններից կուտակված գիտելիքները hանրահաշվից, համակարգչային գիտությունից, ինչպես նաև գնահատվում են սովորողի տրամաբանությունն ու մոտիվացիան։ Գնահատումը նախատեսված է օգոստոսին։

Կարո՞ղ են աշակերտները խմբին միանալ ծրագրի կեսից:

Այո, յուրաքանչյուր կիսամյակի ավարտին տեղի են ունենում կենտրոնացված քննություններ, որոնք կարող են հանձնել նաև ծրագրին հընթացս միանալ ցանկացող աշակերտները և,  հաղթահարելու դեպքում, շարունակել ուսումն ԱԲ հոսքում:

Արդյոք գնահատականներն արտացոլվո՞ւմ են սովորողի ատեստատում

Այո, ծրագրում ներառված առարկաներն ուսումնական պլանի մաս են, ուստի սովորողների ստացած միավորներն արտացոլվում են ավարտական փաստաթղթում։

Արդյո՞ք դպրոցում սովորողն ուսումնասիրում է երկու տարբեր հանրահաշվի դասեր

Ոչ, «ԱԲ սերունդ»-ում նախատեսված հանրահաշվի դասերը տարանջատված չեն հանրակրթական ծրագրի դասերից՝ մատուցվելով ժամանակակից և աշակերտակենտրոն մեթոդաբանությամբ։

Արդյո՞ք Python ծրագրավորման լեզուն դասավանդվում է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» (ինֆորմատիկա) առարկայի փոխարեն

Ոչ, ծրագրում Python-ի դասավանդումն անցնում է առանձին ժամաքանակով՝ ԹԳՀԳ առարկային զուգահեռ, և առանց վերջինիս փոխարինելու (համընկնումների դեպքում ԹԳՀԳ ժամերի բովանդակությունը որոշում է դպրոցը)։ 

Ի՞նչ քննություններ են հանձնում սովորողները

Յուրաքանչյուր դասարանի ավարտին (10-12-րդ) սովորողները հանձնում են առարկայական քննություններ խորացված հանրահաշվից, Python-ից և արհեստական բանականությունից՝ ստուգելով նախորդ դասարանում ստացած գիտելիքը։ Այդ հիմքով ձևավորվում է հաջորդ ուստարում ուսումնառությունը շարունակող աշակերտների ցանկը։

Ի՞նչ է լինում, երբ սովորողը չի հաղթահարում քննությունները

Առարկայական քննությունները չհաղթահարելու դեպքում, աշակերտը կրթությունը շարունակում է հանրակրթական ծրագրով՝ այլ հոսքում (ըստ դպրոցի ուղղորդման)։ 

Եթե սովորողը լավ առաջադիմություն է դրսևորում միայն հանրահաշվից, ապա շարունակում է տվյալ առարկայի ուսումնառությունը ծրագրում նաև հաջորդող տարիներին՝ առանց  Python և արհեստական բանականություն ուսումնասիրելու։ Վերջին երկուսի  փոխարեն աշակերտը կարող է ընտրել ուսումնական պլանի այլ առարկաներ կամ բաց թողնել այդ ժամերը։

Կապ ծրագրի պատասխանատուների հետ

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ «ԱԲ սերունդ» ծրագիրն իրականացնող դպրոցից։ Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլհասցեին կամ զանգահարել 
043 755 754 հեռախոսահամարով։

Լրացրե՛ք նախնական հետաքրքրության հայտը՝ ընդունելության նորություններին առաջինը ծանոթանալու համար:

Դպրոցական ծրագիր