«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի նպատակն է ստեղծել հնարավորություններ ԱԲ ոլորտի հետազոտողների և նորարարների հաջորդ սերնդի համար, նրանց զինել անհրաժեշտ հմտություններով ու գիտելիքներով և տրամադրել աջակցություն, քանի որ այս ամենը կարևոր է ներկայիս աշխարհում հաջողության հասնելու համար։ Ծրագիրը մշակված է՝ աշակերտների մոտ ստեղծելու անհրաժեշտ հիմք, որպեսզի վերջիններս ձեռք բերեն հմտություններ բարձրագույն մաթեմատիկայի, համակարգչային գիտության և արհեստական բանականության ոլորտներում։ Այս նպատակին հասնելու համար կրթությանը և մասնագիտական զարգացմանը ցուցաբերվելու է բազմաշերտ, համապարփակ մոտեցում։
Նպատակին հասնելու ենք հետևյալ քայլերով՝
Մաթեմատիկայի, համակարգչային գիտության և արհեստական բանականության ոլորտներում հմտությունների ձևավորում, ինչպես նաև աշակերտների քաջալերում, որպեսզի ընտրեն ԱԲ-ին և հետազոտական աշխատանքներին առնչվող մասնագիտություններ՝ սկսած միջնակարգ դպրոցից (ընդ որում՝ ծրագիրն ընդգրկելու է Հայաստանի ողջ տարածքը),
Արհեստական բանականության ոլորտում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունների ստեղծում՝ հիմնված արդեն գոյություն ունեցող ծրագրերի կատարելագործման և նորերի ստեղծման վրա,
Ուսումնառությանը զուգահեռ՝ իրական նախագծերում, գիտական ու արդյունաբերական հետազոտություններում, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվելու հնարավորությունների ստեղծում,
Բարձրորակ և մրցունակ կրթության ապակենտրոնացում՝ մարզային ուսումնական հաստատությունների հզորացման միջոցով։
«ԱԲ սերունդ» կրթական ծրագրի՝ ավագ դպրոցներին վերաբերող բաղադրիչը սույն նախաձեռնության շարժիչ ուժն է, որը հիմք է ստեղծում այլ փուլերի իրականացման և ապագա ընդլայնման համար։ Ավագ դպրոցի փուլը կներառի հատուկ ուսումնական ծրագիր և ուսուցման մեթոդաբանություն՝ աշակերտներին նախապատրաստելով արհեստական բանականության և հարակից ոլորտներում հետագա կրթության և կարիերայի համար։
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և ոլորտի մասնագետների համագործակցությամբ մշակված «ԱԲ սերունդ» ծրագրի ներդրումը հանրակրթական համակարգում կապահովի ԱԲ կրթության շարունակականությունը, ինչպես նաև հիմք կդառնա կրթական ոլորտում համակարգային փոփոխությունների համար, ինչը երկարաժամկետ հեռանկարում դրական ազդեցություն կունենա Հայաստանի գիտահետազոտական և տեխնոլոգիական ներուժի վրա։
Ծրագիրը կծառայի որպես պետական-մասնավոր համագործակցության հուսալի մոդել և մեզ թույլ կտա Հայաստանում կիրառել լավագույն կրթական փորձը և միջազգային չափանիշները։